«Պոպուլիստներին հաղթելու համար մշակութային մարտ է պետք, որ Եվրոպային վերադարձվի դրական կերպարը: Հոլանդիայի ընտրությունները ցույց տվեցին՝ դա հնարավոր է,- կարծում է ֆրանսիացի քաղաքագետ Մակր Լազարը։- Պետք չէ մոռանալ, որ պոպուլիստները՝ Գերտ Վիլդերսը Հոլանդիայում, «Ազգային ճակատը» Ֆրանսիայում, «Հինգ աստղի շարժումը» Իտալիայում փոքրամասնություն են և դա հաստատում են Նիդերլանդների ընտրությունների արդյունքները, որ գուցե դրական ազդեցություն կունենան Ֆրանսիայի ու Գերմանիայի ընտրությունների վրա»՝ ասել է փորձագետը La Repubblica-ին տված հարցազրույցում:
«Այնուամենայնիվ, չնայած Վիլդերսի անհաջողությանը, յուրաքանչյուր երկրում այդ շարժումները վճռական ազդեցություն ունեն ամբողջ քաղաքականության վրա, որովհետև նրանց փաստարկները, հռետորաբանությունը և նրանց ղեկավարները հարկադրում են մյուս կուսակցություններին պաշտպանվել»՝ բացատրում է պրոֆեսորը: Հոլանդիայում գործող վարչապետ Մարկ Ռյուտեն շատ կոշտ դիրքորոշում դրսևորեց Թուրքիայի նկատմամբ՝ Վիլդերսի ճնշման պատճառով, և դա նրան արդյունքներ բերեց: Ֆրանսիացի քաղաքագետը համարում է, որ պոպուլիստական կուսակցությունների դինամիզմն ու հաջողությունը միայն սոցիալական ու տնտեսական իրավիճակի հետ չէ կապված: «Հոլանդիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Դանիայում ծանրակշիռ պոպուլիստական շարժումներ կան՝ չնայած տնտեսական վիճակը բավականին լավ է,- նշում է փորձագետը:- Նրանց գոյությունը բացատրվում է քաղաքական իրավիճակով, Եվրոպայի հետ հարաբերություններով, միգրացիայի ալիքով ու ինտեգրացիայով»: Լազարը համոզված է, որ Եվրոպայի ներկա իրավիճակը այնքան վտանգավոր չէ ժողովրդավարության համար, ինչպես նացիզմի իշխանության գալուն նախորդած տարիներին: «Որոշ նմանություններ կան 1930-ականների Եվրոպայի հետ, որոնք ցույց են տալիս, որ ժողովրդավարությունը փխրուն է և այն չպետք է ընկալել իբրև մեկընդմիշտ տրված, պետք է մշտապես նորացնել ու փոփոխել: Կան նաև բազում տարբերություններ՝ հիմա չկան շարժումներ, որ բացահայտ գրոհում են ժողովրդավարության վրա, բռնապետություն են քարոզում, ավելի շուտ հիմա քննադատում են ներկայացուցչական ժողովրդավարությունը»: Պրոֆեսորը բացատրում է, որ մարդիկ ուզում են ավելի անմիջական, փաստացի ուղիղ ժողովրդավարություն՝ խորհրդարանը պահպանելով, բայց մշտական հանրաքվեներով:
«Եվրամիությունը քաղաքացիների աչքում կորցրել է համոզչությունը, սակայն, հարցումների տվյալներով ու դատելով հոլանդական ընտրություններով, եվրոպացիները առաջվա պես հավատում են եվրոպական հորիզոնին ու ուզում են, որ գոյություն ունենա Եվրամիության պես մի կառույց»՝ նշել է քաղաքագետը: Եվրոպայի նորացման համար նա անհրաժեշտ է համարում սերտ տնտեսական, սոցիալական ու քաղաքական ինտեգրում և ավելի շատ ժողովրդավարություն, բացատրական քաղաքական ու մշակութային աշխատանք, որ քաղաքացիներին բացատրեն, որ նույնիսկ ի դեմս պրոբլեմների միակ հնարավոր լուծումը Եվրամիությունն է:
Ալբերտո դ'Արժենիո, La Repubblica
Հ.Գ. Հոլանդիայի ընտրություններում Գերտ Վիլդերսը, այնուամենայնիվ, հինգ պատգամավորով ավելացրեց իր «Ազատության» կուսակցության քվեները խորհրդարանում և սպասում է կոալիցիա կազմելու առաջարկին, հակառակ պարագայում խոստանալով ամենակոշտ ընդդիմությունը դառնալ: Հաջորդը Ֆրանսիան է՝ ապրիլին ու մայիսին Ֆրանսիան կհանձնի նախագահական ընտրության քննությունը, որ գուցե նույնքան սկանդալային լինի, որքան սկանդալային է ընտրարշավը: Սկսած Հանրապետական կուսակցության պրայմերիզների առաջին փուլում նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի պարտությունից մինչև նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին ներկայացված մեղադրանքները՝ կնոջը՝ Պենելոպա Ֆիյոնին իր օգնականը նշանակելու ու պետության ֆինանսները վատնելու մեջ: Ֆրանսուա Օլանդը չի մասնակցում ընտրությանը, բայց հնարավորն անում է, որ իշխանությունը մնա սոցիալիստներին՝ հերթով շարքից հանելով մրցակիցներին՝ ընտրություններից առաջ: Էմանուել Մակրոնի նախագահ դառնալու շանսերը կգնահատեն ընտրողները:
Որպես կանոն՝ առաջին փուլում հաղթողի դեմ երկրորդ փուլում միավորվում են ու թույլ չեն տալիս հաղթանակ տոնել: Ի՞նչ շանսեր ունի Մարին լը Պենը Էմանուել Մակրոնի դեմ: Ֆրանսիացիները անկանխատեսելի են իրենց նախընտրությունների ու քայլերի մեջ: Դատելով համաեվրոպական միտումներից՝ պոպուլիստները, որքան էլ ազդեցիկ, դեռ հաղթող ուժ չեն, բայց և ազգայնականությունը անհրաժեշտ է Եվրոպային մշակութային ինքնության պահպանության համար: Հավարտ ընտրական մեծ տարվա՝ Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի և ոչ մի նիդզիտ, ֆրանսզիտ, իտալզիտ չի հաջորդի բրեկզիտին: Բայց միանշանակ՝ Եվրամիությունը կփոխվի իր քաղաքականության մեջ՝ դառնալով առավել մարտունակ ու ճկուն՝ մարտահրավերներին արձագանքելու համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ